Այն բանից հետո, երբ Wikileaks կայքն այս շաբաթ հանրայնացրեց Ադրբեջանին առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վերաբերող, Twitter սոցիալական ցանցում տարօրինակ բաներ են կատարվում: Այս մասին հաղորդվում է Global Voices բլոգերների միջազգային ընկերակցությունում:
Այսպես, մի քանի աղմկահարույց փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք վերաբերում էին Ալիեւին, նրա կնոջը եւ դիվանագետներին, Twitter-ում բլոգ է ի հայտ եկել, որի հեղինակը ներկայացել է որպես Ադրբեջանի առաջին տիկին (@ firstladyaze): «Ես չեմ կարող հավատալ, նրանք Իլհամ Ալիեւին համեմատում են մաֆիայի հետ: Նրանք պետք է ուսումնասիրեն վիճակագրությունը, թե ինչպես է Ադրբեջանը զարգացել Ալիեւի նախագահության օրոք»,- գրել է նորահայտ «առաջին տիկինը»: Ի պատասխան Twitter-ի օգտագործողներից մեկը՝ «@ TuralAhmedzadeh»-ը գրել է. «Իհարկե, նրանք Իլհամին համեմատում են մաֆիայի հետ: Մաֆիան նույնպես մեծ փողեր է շինում: Տնտեսական զարգացումը չի կարող մաքրել նրա անունը»:
Այնուհետ զրույցին արձագանքել են մյուս օգտագործողները: «@ Azer_Cafarov»-ը գրել է. «Ադրբեջանի տնտեսական հաջողությունների մասին պատմող վիճակագրությունը բացարձակ աղբ է: Կա միայն նավթից ստացվող եկամտի եւ գների բարձրացում: Երկրում չկան նկատելի փոփոխություններ, ուղղակի ամեն նոր տարում հազարավոր մարդիկ լքում են երկիրը: Աշխատանք չկա»:
Բայցեւայնպես, @firstladyaze»-ի հետ բուռն բանավեճը շարունակվում է եւ հեղինակավոր սոցիալական ցանցի այցելուներն իրենց բացասական կարծիքն են հայտնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այնուհետ, բլոգի հեղինակն արտահայտվում է նաեւ Wikileaks կայքի մասին. «Նրանք, ովքեր մտադիր են խժդժություն մտցնել Ադրբեջանում, երբեք հաջողության չեն հասնի, քանի որ մեր ժողովուրդը հավատում է իր հզոր առաջնորդին»:
Այս հայտարարությանը պատասխանել է «@ TuralAhmedzadeh»-ը: «Ո՞վ է պատկանում մեր ազգին: Դուք նրանց թվին եք դասում նաեւ Իսա Ղամբարի՞ն, եւ ընդդիմությա՞նը: Երկրում խժդժություն է մտցնում միայն Ալիեւի մաֆիան»:
Վերջում՝ Global Voices-ի հոդվածի հեղինակը ընդգծում է, որ ներկա դրությամբ ճշտված չէ, թե արդյոք @firstladyaze-ն իրո՞ք Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան է:





























