Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ին, հողին հանձնեցին օգոստոսի 1-ին սգո սրահում տեղի ունեցած սպանդի 4 զոհերին:

Սպանված Ամո Խուդոյանին,  Զորո Օզմանյանին, Ամրո Օզմանյանին եւ Աղասի  Քալոյանին հուղարկավորել են միասին, գյուղի գերեզմանատանը:

Նշենք, որ սպանվածներից երկուսը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից: Զորո եւ Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաեւ Աղասի Քալոյանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության:  Այնուհետև՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր:  Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը  մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թելման Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով: