ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ավելի պրագմատիկ եւ հավասարակշռված քաղաքականություն էր վարում Իրանի նկատմամբ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ Օբամայի նախագահության տարիներին Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունները շահեկան էին երկու կողմի համար էլ: «Բայց հիմա, ամերիկյան գործող վարչակազմի օրոք, մենք լուրջ լարվածություն ենք տեսնում ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում: Մենք նաեւ տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվում, ինչը Թեհրանի դժգոհություն է հարուցել»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ դա տարածաշրջանում լարվածության նոր անկանխատեսելի ազդակներ է ստեղծում: Նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա: Մասնավորապես, Հայաստանը չի կարող որոշակի ռիսկերի չբախվել, քանի որ Իրանի անմիջական հարեւանն է եւ բարիդրացիական հարաբերություններ ունի Թեհրանի հետ:

«Որո՞նք են այդ ռիսկերը: Բնականաբար, հայ-ադրբեջանական պատերազմի պարագայում կարեւոր կլինի այն, թե Իրանն ինչպես կմանեւրի: Եվ եթե Իրանը հանկարծ որոշի, անկասկած՝ ոչ բացահայտ, սատարել Հայաստանին, դա կարող է խնդիր դառնալ, քանի որ մյուս երկրները նման լարվածության դեպքում կփորձել զսպել Թեհրանին»,- նշեց քաղաքագետը: