Աշխարհում մթնոլորտն ավելի լարված կդառնա այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորայի նկատմամբ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Նա նշել է, որ այդ ձեւով Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ դիմակայությունն ու լարվածությունը մտնում է նոր փուլ։
«Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ լարվածություն գոյություն ունի 2007-ից սկսած։Վերջին պատժամիջոցները, որոնք արեւմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ, ուժեղացնում են կողմերի միջեւ լարվածությունը։ Այդուհանդերձ, Կրեմլը բավականաչափ կոշտ է պատասխանել։ Արտաքսվում են 755 դիվանագետներ ու ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ»,- պարզաբանել է փորձագետը։
Ընդ որում Գրիգորյանը շեշտել է, որ եթե նախկինում կողմերի միջեւ, չնայած բազմաթիվ հակասությունների առկայությանը, որոշ հարցերի շուրջ եղել են շփման ընդհանուր եզրեր, ապա հիմա առաջանում է սպառնալիք, որ այդ շփման եզրերը կարող են եւ չլինել։
«Դրանք էին ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զինաթափումը, Հյուսիսային Կորեան ու մասամբ Սիրիան ու Ուկրաինան։ Այսինքն կային ոլորտներ, որտեղ նրանք համագործակցում էին։ Որոշ հարցերում տարաձայնություններն ավելի շատ էին, որոշ հարցերում՝ ավելի քիչ, բայց ինչ-որ չափով այնուամենայնիվ համագործակցություն կար միջազգային քաղաքականության գլխավոր ոլորտներում»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Մոսվայի ու Վաշինգտոնի միջեւ համագործակցությունը միջուկային զինաթափման հարցերում կարող է դադարել։



























