Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում հստակ արձանագրվեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում:
«Նախ գագաթնաժողովում շատ հստակ արձանագրվեցին թե՛ հնգակողմ հայտարարությամբ, թե՛ համանախագահող երկրների բարձր մակարդակի ներկայացուցիչների ելույթներով հետեւյալ դրույթները. Առաջին. չի կարելի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից ընտրովի առանձնացնել որեւէ մեկը եւ դրոշ դարձնելով փորձել առաջ գնալ` անտեսելով այլ սկզբունքներ: Երկրորդ. կարգավորման գործընթացում միանշանակ բացառվում է ուժի կիրառումը խնդիրն իր օգտին լուծելու համար:Եւ վերջապես երրորդը. դա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հարցազրույցում եւ ելույթում է արտահայտված. ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, հետ քաշել դիպուկահարներին»,- նշել է Քոչարյան:
Հարցին, թե դրանք կարելի՞ է արձանագրել որպես արդյունքներ, Շավարշ Քոչարյանը նկատել է. «Ես այսպես կասեի, սա միջազգային հանրության հերթական փորձն էր Ադրբեջանին իր դեստրուկտիվ դաշտից բերելու դեպի կոնստրուկտիվ դաշտ»:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միասին հայտարարություն էին տարածել՝ ամրագրելով հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, սակայն հաշված ժամեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարություններն էր արել: Նա նաեւ հրաժարվել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ նախապես ծրագրված հանդիպումից:





























