Հանրապետության հրապարակում սկսվել է գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները եւ այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման վարչության պետ Արմեն Հարությունյանն ասաց, որ այս տարվա տոնածառի բարձրությունը լինելու է մոտ 31 մետր, այսինքն 2 մետրով բարձր նախորդ տարվանից: (2010 թ-ի տոնածառի բարձրությունը 29 մետր էր եւ այն ԱՊՀ երկրների տարածքում երկրորդն էր իր բարձրությամբ եւ զիջում էր միայն Մոսկվայի տոնածառին):
Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի 12 վարչական շրջաններում ու Օպերայի հարակից տարածքում:
Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանն ասաց, որ Երեւանի տոնական զարդարման աշխատանքները նախատեսում են ավարտել մինչեւ դեկտեմբերի 15-ը:
«Այս տարի տոնական զարդարման աշխատանքներն ավելի շուտ են սկսվել, քան նախորդ տարի»,-ասաց նա հավելելով.« Այս տարվա տոնական մշակութային ծրագրերն ավելի լայնածավալ են: Կլինեն ե՛ւ համերգներ ե՛ւ Ձմեռ պապիկների հետ ծրագրեր, մանկական խաղեր»:
Մշակութային միջոցառումներ կլինեն Հանրապետության, Ազատության հրապարակներում, Կարապի լճում եւ այլ վայրերում:




























