WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասնաջը on-line կոնֆերանս է անցկացրել բրիտանական The Guardian թերթի ընթերցողների հետ: Պարբերականի ընթերցողներն իրենց հարցերն ուղարկել են Online ռեժիմով: NEWS.am-ը որոշ դրվագներ է ներկայացնում Ասանջի այս հարցազրույցից:
Իր քաղաքացիության մասին հարցին Ասանջը պատասխանել է, որ Ավստրալիայի քաղաքացի է եւ շատ է կարոտում հայրենիքը: « Սակայն Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը եւ գլխավոր դատախազ Ռոբերտ Մաքլելանդը պարզորոշ հասկացնել տվեցին, որ իմ վերադարձը ցանկալի չէ եւ անհնար է: Նրանք ակտիվորեն աշխատում են, որպեսզի օգնեն ԱՄՆ կառավարությանը»,- ասել է Ասանջն ու հավելել. «Դա մի հարց է ծնում. «ի՞նչ է նշանակում լինել Ավստրալիայի քաղաքացի եւ ընդհանրապես, Արդյոք, դա ինչ որ բան նշանակո՞ւմ է»:
Հարցին, թե չի՞ մտահոգվում աշխարհի ամենահզոր երկրի վարկի վրա ստվեր գցող մարդն իր անվտանգության համար, WikiLeaks-ի հիմնադիրը պատասխանել է, որ ինքն ու իր թիմը համապատասխան միջոցներ են ձեռք առնում «այնքան, որքան դա հնարավոր է», հաշվի առնելով, որ գործ ունեն գերտերության հետ:
Նրա խոսքով, WikiLeaks-ի դոսյեի արխիվը տարածվել է աշխարհում 100 հազար մարդու շրջանում: «Եթե կայքի հիմնադիրներին ինչ-որ բան պատահի, այդ նյութերի առանցքային մասերն ավտոմատ կերպով ասպարեզ կգան: Բացի այդ, արխիվը գտնվում է նորությունների մի քանի կազմակերպություններում»,- ընդգծել է Ասանջը:
Ընթերցողներից մեկը հարցրել է մասնավորապես, Կանադայի վարչապետի խորհրդական Թոմ Ֆլենագանի հայտարարության մասին, ով ասել էր, թե «Ասանջը պետք է սպանվի»:
«Պարոն Ֆլենագանի եւ մյուսների դեմ, ովքեր հանդես են գալիս նման լուրջ հայտարարություններով, պետք է մեղադրանք առաջադրվի սպանության դրդելու մեղադրանքով»,- արձագանքել է Ասանջը:
Անդրադառնալով մամուլի ազատությանը, որի մասին մշտապես խոսում են արեւմտյան երկրները, նա նշել է, որ Արեւմուտքում խոսքը շատ հազվադեպ է ազդեցություն ունենում իշխանության վրա, ուստի «այն ազատ է, ինչպես թռչունը»:
«Այնպիսի երկրում, ինչպիսին Չինաստանն է, լայնորեն տարածված է գրաքննությունը, որովհետեւ խոսքը դեռ իշխանություն ունի, իսկ իշխանությունը վախենում է դրանից: Մենք միշտ պետք է գրաքննությունը դիտարկենք որպես տնտեսական ազդակ, որը ցույց է տալիս խոսքի պոտենցիալ ուժը այս կամ այն իշխանության ներքո: ԱՄՆ կողմից մեր դեմ հարձակումները հույս են ներշնչում, որ խոսքը դեռ մնացել է հզոր միջոց, որպեսզի ճեղքի ֆինանսական շրջափակումը»,- հայտարարել է Ասանջը:




























