Հայտնի հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Թինա Կանդելակիին հարցաքննել են «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Յաշինի վրա հարձակման գործով: «Ինձ, իսկապես, հարցաքննել են այդ գործով. ընդ որում դա եղել է մեկ շաբաթ առաջ»,- դեկտեմբերի 3-ին «Ինտերֆաքսին» ասել է Կանդելակին, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել քննիչների հետ իր զրույցից, քանի որ «իրեն խնդրել են այդ մասին»:

Հետաքննությունը պարզել է, որ Կանդելակին լրագրողի հետ է եղել նրա դեմ հարձակման նախօրեին, իսկ դրանից մի քանի օր առաջ նրանք միասին մեկնել էին Տվեր` գործուղման:  

«Ուղղակի ինձ դուր չի գալիս, որ Օլեգի հետ պատահած ցավալի դեպքից հետո ամեն երկրորդն իրեն նրա ընկերն է համարում: Հենց այդ պատճառով էլ ես չեմ ցանկանում, որ իմ անունը շրջանառվի նրան ծեծելու փաստի հետ կապված»,- հայտարարել է Կանդելակին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձինք Կաշինին դաժան ծեծի էին ենթարկել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը` իր տան մոտ: Կաշինը ծանր վնասվածքներ էր ստացել, կոտրել էին նրա ծնոտը, ծնկները, դաստակը: Բացի այդ, նա գանգուղեղային վնասվածք էր ստացել:

Լրագրողը մի քանի վիրահատությունների էր ենթարկվել: Վիրաբույժներն աշխատել էին 3 ժամ, որից հետո հավաստիացրել էին, որ Օլեգի ուղեղին վտանգ չի սպառնում:

Նրա վրա հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «Մարդկանց խմբի կողմից մահափորձ» հոդվածով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է Գլխավոր դատախազ Յուրի Չայկային այդ գործը վերցնել իր վերահսկողության տակ: