Աստանայում 5-ակողմ հայտարարությամբ ամրագրվում է, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նծել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հավելել. «Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի եւ/կամ ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիությունը: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը: Կարծում եմ, որ սա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Բաքուն շարունակում է ընտրողաբար մոտենալ խնդրի կարգավորման առաջարկված երեք սկզբունքներին, ԱԳ նախարարն ասաց. «Միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին` ջանքերը կենտրոնացնել կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրա: Սա հստակ պատասխան է հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խույս տալու Բաքվի փորձերին: Աստանայի համատեղ հայտարարությամբ կարեւորվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները»:

Նա հիշեցրեց Աստանայում ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, ով եռանախագահող երկրների անունից հայտարարեց, որ առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: Ի դեպ, Ֆրանսիայի վարչապետը եւս իր ելույթում ընդգծեց ներկայացված առաջարկների ամբողջականությունն ու անբաժանելիությունը:

«Նույն մոտեցումն էր արտահայտված նաեւ Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Այդ մոտեցումը ակնհայտ դժգոհություն էր առաջացրել Բաքվում:

Իսկ մենք հայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակետը: Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունեցին գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` խաղաղ եւ բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում` ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես ՄԱՄԿ-ի Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանն ու ընդգծել, որ միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք մենք բազմիցս արտահայտել ենք: