Թուրքիայի թուլացման պարագայում տարածաշրջանում կարող է մեծանալ Իրանի դերը։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ 

Փորձագետի կարծիքով՝ այդ կապակցությամբ շատ կարեւոր է փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ «Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դուրս են գալիս երկկողմանի շրջանակից եւ տարածաշրջանում կայունության մթնոլորտ են ստեղծում»,-հստակեցրեց Սաֆրաստյանը։

Թյուրքագետը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի պատվիրակությունը երդմնակալության արարողությանը ներկայացել էր նախագահի մակարդակով։ «Իր հերթին, Իլհամ Ալիեւը չի մասնակցել Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ ցանկացել է ցույց տալ ԱՄՆ-ին, որ Բաքուն, իբր, հակված է Վաշինգտոնի քաղաքականությանը»,-եզրափակեց Սաֆրաստյանը։