Մոսկվայի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհին արյունալի ծեծկռտուք է սարքել իր նախկին ընկերուհու հետ` տղայի պատճառով:

Սկզբում 8-րդ դասարանցի աղջիկները ուղղակի հարաբերություններ են պարզել, որից հետո նրանցից մեկը գործի է դրել տանից վերցրած խոհանոցային դանակը: Դարյա Սուխարեւան մի քանի անգամ հարվածել է Աննա Չիրկինային, մինչեւ որ վերջինս կարողացել է ձեռքով բռնել դանակի սուր շեղբը: Ոստիկանները պնդել են, որ աղջկա մատները կտրվել են:

Մորոզովսկի մանկական հիվանդանոցի բժիշկները ճշտել են, որ տուժած աղջկա մատները չեն կտրվել, ուղղակի խորը վնասվել են: Աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մոսկվայի հարավ-արեւմտյան օկրուգի ՆԳ վարչության ներկայացուցիչ Մարինա Մոլոկովան, իր հերթին, պատմել է, որ աղջիկները վիճել են մի երիտասարդ տղայի համար: «Հանցագործությունը կատարվել է խանդի պատճառով: Դրանից առաջ Սուխարեւան եւ Չիրկինան ընկերություն էին անում»,-նշել է նա:

Դարյա Սուխարեւային, ամենայն հավանականությամբ, քրեական պատասխանատվության չեն ենթարկի, քանի որ նա ընդամենը 13 տարեկան է: