The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը մտադիր է իր բոլոր ֆիլմերը հանել Netflix սթրիմինգային ծառայությունից ու դրա փոխարեն գործարկել իր սեփական առցանց հարթակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

CNBC-ի փոխանցմամբ, Disney –ի գլխավոր տնօրեն Ռոբեր Այգերի խոսքով՝ ընկերությունը մտադիր է գործարկել իր սեփական ծառայությունը 2019-ին։ Առաջին փուլում այն հասանելի է լինելու միայն ԱՄՆ-ում, իսկ հետո կհայտնվի նաեւ այլ երկրներում։

Այգերը նաեւ նշել է, որ համագործակցության տարիներին ընկերությունը լավ հարաբերություններ է ձեռք բերել Netflix-ի հետ, սակայն որոշել է միջոցներ ներդնել սեփական ծառայության ստեղծման մեջ։ Netflix-ի նմանությամբ՝ Disney-ը նաեւ մտադիր է ֆիլմեր ու սերիալներ արտադրել, որոնք բացառապես կթողարկվեն նոր սթրիմինգային ծառայությունում։

Netflix-ից ջնջվելու են Disney-ի արտադրության բոլոր ֆիլմերը, նաեւ Marvel հրատարակչատան կոմիքսների մոտիվներով ֆիլմերն ու Pixar ստուդիայի անիմացիոն ֆիլմերը։ Երկու ընկերություններն էլ պատկանում են Disney-ին։