Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները Հայաստանի համար մեծ վտանգ չեն ներկայացնում։ Այս մասին օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է հարմարվել բոլոր հնարավոր հետեւանքներին։

«Բոլորը, ովքեր որեւէ կերպ կարող էին դրանից տուժել, նոր պայմաններում այս կամ այն կերպ աշխատելու միջոց են գտել։ Այդ պատճառով պետք չէ վախենալ ծանր հետեւանքներից»,- հավելեց Կարայանը։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ հակառակ պնդում էր արել՝ նշելով, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ազդել են նաեւ Հայաստանի վրա: