Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի հետ եւ քննարկել Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրները, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթը: 

Ըստ պարբերականին, Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանն որոշ ստուգումներ կատարելու նպատակով այցելել է Ստամբուլի Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց: Քանի որ Պոլսո պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը այդ ընթացքում հիվանդանոցում էր գտնվում, նրանք մեկժամյա հանդիպում են ունեցել:

Մամուլի համար փակ այս հանդիպման ընթացքում Բեկչյանը փոխնահանգապետ Մերջանին տեղեկություններ է հաղորդել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ ներկայիս զարգացումների շուրջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք․Գարեքին Բեքչյանի ստորագրությամբ նախաձեռնող խմբի կողմից Ստամբուլի նահանգապետարան հանձնված դիմումում պատրիարքի ընտրության օր է առաջարկվել դեկտեմբերի 13-ը։ Դիմումում նշվել է, որ անհրաժեշտ է արդեն դեկտեմբերի 10-ին անցկացնել պատվիրակների ընտրությունը։

Ընտրության նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը նշել է, որ պատրիարքի տեղապահ արք․ Բեքչյանը բոլոր հավանական թեկնածուներին նամակ է գրելու, որից հետո թեկնածուները պետք է իրենց առաջադրման մասին տեղեկացնեն նախաձեռնող խմբին։ «Եթե թեկնածուների թիվը 5-ից շատ է, ապա կրոնական խորհուրդը ժողով է իրականացնելու եւ այդ թիվը իջեցնելու է 5-ի։ Իսկ եթե 5-ից քիչ է թեկնածուների թիվը, ապա որեւէ խնդիր չի լինում»,-ասել է Սեպուհ Ասլանգիլը։