Գերտերությունները մշտապես լարվածություն են պահպանում Լեռնային Ղարաբաղում՝ սեփական շահերի առաջխաղացման նպատակով։ Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ սեպտեմբերին Նյու Յորքում նախատեսված հանդիպման եւ բանակցային գործընթացին հայկական կողմի մասնակցության նպատակահարմարության մասին՝ Մանուչարյանը նշեց. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր շահերը։ Բոլորը, ովքեր ցանկանում են մեզ օգնել, իրենց շահերն ունեն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը ստեղծված է այդ երկրների առաջնորդների շահերը պաշտպանելու համար, սակայն այն տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները լուծելու նպատակ չունի»։