Եթե ամեն բան ըստ նախատեսվածի ընթանա, Վանաձորի քիմիական գործարանը մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո իր աշխատանքները կվերսկսի արդեն այս դեկտեմբերի վերջերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Վանաձոր-Քիմպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը։
«Գործարանի լրիվ գործարկումը հնարավոր կլինի ջերմաէլեկտրակայանի վրա տարվող աշխատանքների ավարտից հետո միայն։ Իսկ այդ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ ՋԷԿ-ի փորձարկումները նախատեսված են մինչեւ Նոր տարի»,- տեղեկացրեց Սնեգիրյովը՝ միաժամանակ հիշեցնելով, որ բացի ՋԷԿ-ից «Վանաձոր-Քիմպրոմը» ունի եւս երկու մասնաճյուղ՝ բուն քիմգործարանը եւ մանրաթելերի արտադրութան արտադրամասը, որոնց աշախատանքներն էլ ներկայումս կոնսոլիդացվել են ՋԷԿ-ը գործարկելու նպատակով։ «Նյութական սուղ պայմաններում անգամ պլանավորել ենք գորածարանի լիարժեք գործարկումը սկսել մինչեւ Նոր տարի»,- ասաց «Վանաձոր-Քիմպրոմի» գործադիր տնօրենը։
Ամփոփելով՝ Սնեգիրյովը տեղեկացրեց, որ գործարանը ներկայումս ունի շուրջ 450 աշխատակից, սակայն նախատեսվում է մոտ ժամանակներս նրանց թիվն ավելացնել եւս 150-200-ով։ «Ինչ վերաբերում է աշխատավարձերի չափին, ապա աշխատողների թվաքանակի ավելացումը դրա վրա էական ազդեցություն չի ունենա։ Նախկինի նման, միջին աշխատավարձը կտատանվի 90 հազար դրամի սահմաններում»,- հավաստիացրեց նա։
Համեմատության համար նշենք, որ խորհրդային տարիներին գործարանում աշխատել է ավելի քան 5000 մարդ։





























