«Խոսրովի անտառում» օգոստոսի 12-ից բռնկված հրդեհի հետեւանքով նախնական տվյալով ոչնչացվել է 200 հա գիհու անտառածածկ տարածք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Սա խիստ դժվար վերականգնվող ծառատեսակ է, գրանցված է Կարմիր գրքում: Գիհու հիմնական առանձնահատկությունն այն է, որ գիհի ծառի յուղային զանգվածը շատ մեծ է, գազի նման արագ բռնկվում է»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում:
Օգոստոսի 15-ի, ժամը 12:00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու համար Ռուսաստանը հայկական կողմին է տրամադրել «ԻԼ-76» ինքնաթիռ, որն արդեն իսկ իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում:











