Հադրութի զորամասի զինծառայող Մանվել Հազրոյանի նկատմաբ սպանված զինծառայողների հարազատների կողմից վենդետա իրականացնելու փորձի մասին որեւէ բան հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով ադ մասին մամուլի հրապարակմանը: Նա նշեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Հազրոյանի անվտանգությունը երաշխավորված է եւ նրա նկատմամբ որեւէ մեկի կողմից հաշվեհարդար տեսնելու մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Հազրոյանի եւ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող մյուս երկու զինծառայողների՝ Խաչիկ Սարգսի Ալեքսանյանի եւ Մասիս Մավրիկի Գրիգորյանի առողջությանը, ապա, նրանց վիճակը, ըստ ԼՂ ՊԲ մամուլի խոսնակի, բավարար է եւ նրանք ապաքինվում են:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, օրերս վենդետայի փորձ է եղել Ստեփանակերտում: Նոյեմբերի 19-ին Հադրութի զորամասերից մեկում տեղի ունեցած արյունահեղության հետեւանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների հարազատները փորձել են մտնել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ եւ վրեժխնդիր լինել այնտեղ գտնվող 19-ամյա Մանվել Հազրոյանից: Զոհերի եւ վիրավորների հարազատներին չի հաջողվել մտնել հոսպիտալ, քանի որ մուտքը փակել են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Հավաքված բազմությունը, սակայն, միանգամից չի ցրվել: Մի քանի ժամ շարունակ նրանք մնացել են հոսպիտալի մուտքի մոտ, հետո միայն հեռացել են՝ սպառնալով նորից վերադառնալ:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները:





























