Այսօր՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Doing Business-ի ցուցանիշների բարելավման վերաբերյալ նախորդ խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարականներ էր տվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին` աշխատանքային խմբերում քննարկել ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Անդրադառնալով գործարար միջավայրի արմատական բարելավման խնդրի կարեւորությանը` վարչապետը նշել է. «Մենք մեր նախորդ հանդիպման ժամանակ հստակ հանձնարարականներ տվեցինք ըստ ուղղությունների, որպեսզի ձեւակերպումները հստակեցվեն, թե ինչ միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարար միջավայրի բարելավումը մինչեւ ապրիլ ամիսը լինի շոշափելի եւ զգալի, եւ դա բարելավվի մեր ընդհանուր բիզնես միջավայրը»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված ներկայացված առաջարկություններով: Քննարկվել են հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման եւ հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձեւակերպումների պարզեցում եւ հստակեցում), բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, արտաքին առեւտրի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր:
Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին:





























