Հայաստանում ձմեռը կլինի նորմայի սահմաններում, սակայն տեղումները նորմայից ավելի: Այդ մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
«Մինչեւ դեկտեմբերի 13-ը մենք արձանագրելու ենք առանց տեղումների եղանակ, որից հետո չի բացառվում, որ այս ամսվա հիմնական տեղումների քանակը բաժին ընկնի դեկտեմբերի երկրորդ կեսին: Հունվար-փետրվարին դարձյալ օդի ամսական ջերմաստիճանը կլինի նորմային մոտ: Այս ձմռանը տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի»,- նշել է Պետրոսյանը:
Հայպետհիդրոմետի աշխատակիցը նշել է նաեւ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի կանխատեսվում: Նրա խոսքով` հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կշարունակի մնալ բարձր` մինչեւ 22 աստիճան, Արարատյան դաշտում` մինչեւ 16-18:
«Երեկ եւ այսօր Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերը գտնվում են հյուսիս արեւելքից ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո: Վերոնշյալ մարզերում ջերմաստիճանը նվազել է 8-10 աստիճանով եւ այժմ այդ մարզերում օդի ջերմաստիճանը չի գերազանցում +12+14 աստիճանը:
Դեկտեմբերի 5-ից վերոնշյալ մարզերում ցուրտ օդային հոսանքները կնահանջեն եւ իրենց տեղը կզիջեն հարավային տաք օդային հասանքներին, որից հետո այս մարզերում դարձյալ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +22+23 աստիճանի»,- նշել է Պետրոսյանը եւ հավելել, որ այս օրերին գրանցված ջերմաստիճանը բավականին բարձր է, իսկ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով:
Զարուհի Պետրոսյանը հայտնեց, որ Երեւանում այսօր գրանցվել է 19 աստիճան տաքություն, իսկ առաջիկա գիշերը Երեւանի բարձրադիր վայրերում ջերմաստիճանը կլինի +4+5 աստիճան, իսկ ցածրադիր վայրերում`0+2 աստիճան:




























