Իսպանական իշխանությունները փակել են գրեթե ողջ օդային տարածքը՝ դիսպետչերների չհայտարարված գործադուլից անմիջապես հետո: Բաց է միայն Անդալուզիայի օդային տարածքը: Իշխանությունները քաղաքացիական դիսպետչերներին փոխարինել են զինվորականներով, գրում է BBC-ն:

Ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան հայտարարել է, թե Իսպանիայի օդային տարածքը մնալու է ՊՆ-ի վերահսկողության տակ մինչեւ իրավիճակի կարգավորումը: Եթե դիսպետչերները հրաժարվեն ենթարկվել, նրանց ապստամբության մեղադրանք է ներկայացվելու:

Դիսպետչերները բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ պահանջելով կրճատել աշխատաժամերը:

Գործադուլից տուժել է Մադրիդի Բարախաս օդանավակայանը, փակվել են նաեւ Մայորկայի, Իբիցայի, Մենյորկայի, Բալեարյան կղզիների օդանավակայանները, որտեղ մեծաքանակ ուղեւորներ մնացել են առանց թռչելու հնարավորության:

Aena պետական ավիաընկերությունը միջոցներ է ձեռնարկելու դիպետչերների դեմ:

Հայտնի չէ, թե որքան կտեւի գործադուլը: Iberia ավիաընկերության տվյալներով, Բարախաս օդանավակայանը կարող է փակ մնալ 24 ժամ: