Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանին ընդհանուր մաքսային միության կազմի մեջ ներքաշելու գաղափարից։ Հիշեցնենք, որ 2010 թ. հունիսի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տարածքներում գործում է միասնական մաքսային օրենսգիրք՝ 2007 թ. կնքված համաձայնագրի հիման վրա։ Աշխատանքներ են տարվում միասնական մաքսային տարածքի ստեղծման համար։
Երեւանում գտնվող Ռուսաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը հայ-ռուսական համատեղ բիզնես-ֆորումի ընթացքում ջանք չխնայեց գովաբանելու նորաստեղծ մաքսային միությունը։ Թեեւ միանալու վերաբերյալ Հայաստանին ուղղակի առաջարկ չարվեց, սակայն ելույթի ենթատեքստն այնպիսին էր, որ Մաքսային միությանը միանալը Հայաստանին միայն օգուտներ կբերի։
«Մաքսային միությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Այստեղ գործում են միասնական մաքսային տարիֆներ, միասնական մաքսային օրենսգիրք։ Այդ մաքսային օրենսգիրքն ավելի լիբերալ է, քան մինչ այդ Ռուսաստանում գործող օրենսգիրքը»,- ասաց Պետրովը։





























