Իշխանությունները պետք է դադարեցնեն Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրությունները եւ բարեփոխումներ իրականացնեն գիտական կյանքում: Այս մասին ասված է Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանի բաց նամակում, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի պայմաններում ակադեմիկոսների ինստիտուտը կառուցված է մի շարք անհեթեթությունների վրա եւ փաստորեն կործանում է Հայաստանի գիտության ապագան։ Այդ փաստը հայտնի է եւ հիմնավորված, ամեն դեպքում, մեր քննադատությունները երբեք չեն վիճարկվել։

Ակադեմիան հայտարարել է նոր ընտրություններ։ Ակադեմիկոսներին կարելի է հասկանալ. գիտությամբ նրանք հիմնականում չեն զբաղվում, այնպես որ, հաճույքով կկոտրեն նրանց կյանքը, ովքեր դրանով զբաղվում են, իսկ մյուս կողմից, կզբաղվեն շահավետ ակադեմիական առեւտրով։
Սակայն նախքան գումար տրամադրելը եւ ակադեմիական նման առեւտուր-խաղերը խրախուսելը, պետությունը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է բավարարում ակադեմիկոսների քմահաճույքները եւ, դրանով իսկ, իր վրա վերցնում Հայաստանի գիտության թշվառ վիճակի պատասխանատվության մի մասը։

1. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է բարոյական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ ղեկավարելու իրավունք տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է):

2. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է պետական տեսակետից (քանի որ չի կարելի ցմահ հավելավճարներ տալ, ինչպես Ակադեմիայի դեպքում է):

3. Ակադեմիկոսների ինստիտուտը նոնսենս է գիտական տեսակետից (քանի որ գիտնականի իրական դեմքը կարող է որոշվել միայն եւ միայն տվյալ  մասնագիտության միջազգային նեղ գիտական համայնքի կողմից, եւ ոչ թե ակադեմիկոսների խմբի կողմից, որոնք չունեն համապատասխան որակավորում, ավելին՝ որոնք ընտրություններում անձնական շահ են հետապնդում):

4. Ակադեմիկոսների ինստիտուտը քայքայիչ ազդեցություն ունի գիտության վրա (քանի որ գիտնականները փորում են իրար տակ, որպեսզի ակադեմիկոս դառնան, փոխանակ համախմբեն ուժերը գիտական նորանոր ձեռքբերումների եւ միջազգային դրամաշնորհներ ստանալու համար):

5. Ակադեմիկոսների ինստիտուտը չափազանց անբարոյական ազդեցություն է գործում հասարակության վրա՝ տալով անհեթեթ բարձր ֆինանսական հավելավճարներ (քանի որ նա, ով ակադեմիկոս է ընտրվել, ստանում է մոտ 300% ավել հավելավճար, չհաշված աշխատավարձը, ի տարբերություն նրանց, ովքեր չեն ընտրվել կամ չեն ցանկացել մասնակցել ակադեմիական ընտրություններին, այն դեպքում, երբ, ասենք, գիտությունների թեկնածուի եւ դոկտորի աշխատավարձերի տարբերությունը ընդամենը 20-25% է)»: