Դեկտեմբերի 4-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում Երեւանի Ագաթանգեղոսի փողոցից վրաերթ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա Արա Աբրամի Գյուրջյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում իր կողմից վարած «Մերսեդես G 500» մակնիշի 14 PP 444 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ Արտեմ Անտոնյանին եւ Վիկտորյա Շահբազյանին: Անտոնյանը տեղում մահացել էր, իսկ Շահբազյանը` հիվանդանոցում:

Վրաերթ կատարելուց հետո Ա. Գյուրջյանը նրանց թողել էր անօգնական վիճակում եւ դիմել փախուստի:

Այս պահին Գյուրջյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վրաերթից տեղում մահացած Արտեմ Անտոնյանի գրպանից հայտնաբերվել էր Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից տրված անվճար երթեւեկության վկայական:

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի