Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտները` ստանալու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ արարողությունը Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Պաշտպանության նախարարը Նորին Սրբությանը ներկայացրեց ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուս. տարվա ավարտական միջոցառումները` դրանց շրջանակում մեծապես կարեւորելով ապագա սպաների այցը Մայր Աթոռ: Նախարարը տեղեկացրեց նաեւ ի նպաստ բանակաշինության իրականացվող կրթական եւ սոցիալական ծրագրերի մասին:

Գարեգին Բ Կաթողիկոսը, ողջունելով նոր ձեռնարկները, իր հերթին ընդգծեց, որ այսօր ազգի ուշադրության առանցքում պիտի լինեն հայրենյաց պաշտպան հայ զինվորն ու սպան:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Պաշտպանության նախարարը հոգեւորականների թափորով առաջնորդվեցին Մայր Տաճար, որտեղ կատարվեց ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուս. տարվա շրջանավարտների օրհնության արարողությունը:

Վերջում, միասնական Տերունական աղոթքից հետո, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամը բերեց Մայր Տաճարում համախմբված զինվորականներին: