Հայաստանի կառավարությունն օգոստոսի 24-ի նիստում հավանության արժանացրեց ֆիզկուլտուրայի եւ սպորտի ծրագրի զանգվածայնորեն տարածումը։ Գործադիրի հերթական նիստում որոշման նախագիծը ներկայացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
Ծրագրի նպատակն է ֆիզկուլտուրայի եւ սպորտի տարածումը՝ դրանում ներգրավելով բնակչության տարբեր տարիքային խմբերի, ինչը կհանգեցնի դրա մասնակիցների թվի ավելացմանը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու Հայաստանի բնակչութան աշխատունակության բարձրացմանը, բարոյական-կամային եւ ֆիզիկական հատկանիշների բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցությունն ապահովելուն եւ ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը։
Փորձնական փուլը կիրականացվի 2017-2018 եւ 2018-2019 ուսումնական տարիներին, կրթական ծրագրի շրջանակում։ Ծրագրի ֆինանսական գնահատականը կարելի է տալ միայն արդյունքներն ամփոփելուց եւ փորձնական փուլը վերլուծելուց հետո՝ 2020 թվականին։



























