Ամեն ինչի, անգամ անհնարին ձեռքբերումների է ընդունակ այն զինվորը, որի հոգին ամրացած է ցանկացած դժվարություն, մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելու աննկուն վճռականությամբ: Այս մասին, այսօր օգոստոսի 24-ին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ուրախ ենք մեծապես, որ Տիրոջ կամքով առիթն ունենք Մեր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջնորդությամբ հայոց հոգեւոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, համախմբված ռազմական հաստատությունների սաներին, ովքեր ուսումնական շրջափուլը ավարտելով՝ ծառայության պիտի կոչվեն Հայոց բանակում:

Գոհություն եւ փառք  ենք մատուցում առ Աստված, որ այս տարի եւս մեր ռազմական կրթօջախները տվեցին հերթական առատ հունձքը: Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի խորհրդանշական այս տարում դուք ջանադիր ու տքնաջան ուսումնառությունից հետո, ահավասիկ, պիտի համալրեք Հայոց բանակի սպայական կազմը՝ կոչվելով պատասխանատու ծառայության: Դժվարին ու մարտահրավերներով լեցուն է հայ զինվորի եւ սպայի ծառայական ուղին:

Հայկ Նահապետի ու Սասունցի Դավթի ոգուց ծնունդ առնող հայ զինվորի խրոխտ պատմությունն այսօր մեկ անգամ եւս հյուսվում է ձեր` դեռ նոր-նոր սկսվող մարտական ուղուն: Մեր պատմության էջերում Հայոց բանակը եղել է ոչ միայն զենքի ու ռազմարվեստի, մարտական հմտության, ուժի խորհրդանիշ, այլ նաեւ ոգեկերտումի ու առաքինությանց, քրիստոնեական նվիրական արժեքների եւ հերոսությանց խտացում:

Հիրավի, ամեն ինչի, անգամ անհնարին ձեռքբերումների է ընդունակ այն զինվորը, որի հոգին ամրացած է ցանկացած դժվարություն, մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելու աննկուն վճռականությամբ: Դուք ամենքդ հետնորդներն ու ժառանգներն եք քրիստոնեական հավատի ոգով զորացած հայ փառապանծ զորավարների ու զինվորների: Նրանք իրենց լույս հավատքին երբեք չեն խառնել վախն ու երկմտությունը: Նրանց ոգու արիության հիմքն էր առ հայրենին եւ առ Աստված ունեցած անսասան սերն ու վստահությունը: Սովի, հալածանքների, թշնամու հարձակումների ու դավերի դեմ նրանք կրկնում էին. «Աստված է մեր ապավենն ու զորությունը» (Սղմ. ԽԵ 1):

Սիրելինե՛ր, ձեզ զորացնողը Տեր Հիսուս Քրիստոս է՝ Զորագլուխը Սուրբ Եկեղեցու, եւ ձեր ապավենը` հարուցյալ ու հաղթական, Տիրոջ հավատարիմ հոտը՝ մեր ժողովուրդը: Ամեն ինչի կարող կլինեք դուք, եթե ունենաք անսասան վստահություն առ Փրկիչ Տերը եւ սերը՝ առ մեր ժողովուրդը, որոնք ձեր մարտական ծառայությունների մեջ ու դժվարությունների առջեւ ձեզ օգնական ու զորակից են լինելու: Շուտով ամենքդ պիտի կոչվեք մարտական ծառայության՝ մեծ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ու ժողովրդի առջեւ:

Ձեր ամեն մի որոշումից ու ձեր գործերից է կախված լինելու Հայրենիքի ապահովությունը, Հայրենիք, որ սուրբ է ու նվիրական իր հազարամյակների անցյալով, հաղթական ներկայով ու առավել պայծառ ապագայով, որը մեր հանձնառություններով պիտի կերտենք մենք: Մաղթում ենք ձեզ խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի զորացման ու հավատավոր մեր ժողովրդի բարգավաճման: Մաղթում ենք արթուն միտք ու հոգի, որ Աստծո օգնականությամբ նախանձախնդիր ձեր ծառայությամբ առավել հզորություն բերեք Հայոց բանակին, ապահովություն՝ մեր սահմաններին: Զորացեք Հիսուս Քրիստոսով, աղոթեք հայրենիքում խաղաղության հաստատման հույսով եւ ապրեք ձեր հավատի ու հայրենիքի ազատությունը պաշտպանելու անկոտրում հաստատակամությամբ: Թող Տիրոջ ամենազոր Աջն ու զորությունը հովանի լինեն ձեզ ամենքիդ Հայոց փառապանծ բանակում ձեր գալիք ծառայությանց ընթացքին: Գիտցե´ք, մեր բոլոր հաղթանակների ու ազգային կյանքի ձեռքբերումների անսպառ աղբյուրը մեր ժողովրդի հոգու անպարտելիությունն է, որն Աստծով զորացած` կարողացավ իր պատմության բոլոր փորձությունները հաղթահարել, ցեղասպանությունը վերապրել, հոգեւոր ու մշակութային համաշխարհային մակարդակի ժառանգություն կերտել եւ թշնամական երկրներով շրջապատված լինելով՝ ազգային ինքնությունը անաղարտ պահպանել ու հայրենիք կերտել ու զորացնել:

Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության ռազմական ղեկավարությանը՝ գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Տիար Վիգեն Սարգսյանի: Մեծապես գնահատելի է, որ մեր պետությունը ջանք ու կարողություն է ներդնում՝ Հայոց բանակը գիտելիքներով եւ հոգեւոր ու բարոյական բարձր արժեքներ կրող զինվորականներով համալրելու գործում:

Թող Բարին Աստված խաղաղության մեջ պահպանի Հայրենի մեր երկիրը, հզոր ու աննկուն՝ Հայոց հաղթական բանակը եւ միշտ աջակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին ազգային իղձերի ու նպատակների իրականացման ճանապարհին: Եվ թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի ու պահապան լինի մեր զորաց ու զորականաց եւ նորանոր հաջողություններ շնորհի հայրենյաց պաշտպաններին նվիրական առաքելության մեջ այսօր եւ հավիտյանս:

Արարողության ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, ապա զինվորականներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին եւ ցուցադրվող հոգեւոր-մշակութային սրբազան ժառանգությանը: