Ոստիկանները ձերբակալել են Շամիրամի սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին։
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջով հայտնել է, թե ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ օգոստոսի 25-ին Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել էր վիճաբանության: Այնուհետեւ՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել էր նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք էր գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ էր արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետեւանքով 4 անձ մահացել էր, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի:
Սպանվել էին Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանն ու Աղասի Քալոյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում էր կայացրել Թելման Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել էր՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:



























