Հայաստանի Վերահսկիչ Պալատն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ի թիվս այլ խնդիրների, քննարկվել է նաեւ Սոցիալական ապահովության ծառայությունում ստուգումների մասին զեկույցը:

Նիստին ներկա է եղել Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը:

Այդ ծառայությունում ստուգումների վերաբերյալ ՎՊ-ն վերջնական որոշում կընդունի ՎՊ խորհրդի նիստում: Իսկ մինչ այդ եւս մի քանի աշխատանքային խորհրդակցություններ տեղի կունենան, որոնց ժամանակ կրկին կքննարկվեն այդ ստուգումների արդյունքները:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների, ՎՊ-ն այդ ստուգումների արդյունքում աղաղակող խախտումներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են, մասնավորապես, դեռեւս մի քանի տարի առաջ մահացած մարդկանց թոշակներ «տալուն»:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պաշտոնապես հաստատել այդ տեղեկությունը, կոչ անելով սկասել Խորհրդի նիստին:

Լրատվամիջոցները նշել էին նաեւ, որ Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը ստուգումներից հետո հրաժարական էր տվել: Արդյունքում այդ տեղեկատվությունը չհաստատվեց եւ նույն լրատվամիջոցների պնդմամբ, Խաչիկյանը սպառնացել էր սենսացիոն բացահայտումներով հանդես գալ Վերահսկիչ Պալատի հասցեին, եթե նրա եզրակացությունը չլինի իր օգտին: