Սարդարապատի հուշահամալիրում, այսօր՝ օգոստոսի 25-ին, ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների 279 շրջանավարտներ հավաստագրեր են ստացել: ՀՀ ՊՆ հրամանով նրանց շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում (ֆոտոռեպորտաժ):

Շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը եւ դաշույնները, որոնք նրանց հանձնել են Հանրապետության նախագահը եւ ԱԱԽ անդամները: Հանրապետության նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ եւ հանդիսավոր քայլերթով:

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուրը, որն ընտրում է զինվորականի մասնագիտությունը, մեծ պատասխանատվություն է ստանձնում իր ժողովրդի եւ հայրենիքի նկատմամբ:

«Այս օրերին կազմակերպված միջոցառումները ցույց տվեցին, որ այս մասնագիտությունները մեզ համար շատ կարեւոր են, եւ մենք բանակ ենք ուղեկցում հայրենասեր տղաների ու աղջիկների, որոնք իրենց կյանքը կապում են հայրենիքին ծառայելու սրբազան գործին: Մենք՝ որպես պետություն, պարտական ենք պատվով ուղեկցել բանակ այդ մարդկանց, որոնք ծառայելու են մեր երկրին ու պետականությանը»,- ասաց նախարարը:

Նշենք, որ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների մեծ մասը, որոնք այսօր ստացան հավաստագրեր, ապրիլյան պատերազմի մասնակից են: Նրանց մեծ մասը մեկնելու է ծառայության Արցախ: