ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնը լքող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հնչեցրած տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, նվաստացուցիչ է հայկական կողմի համար։ Օգոստոսի 25-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, միջազգային հարցերի ու անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը։
«Համաձայն եմ Արցախի ԱԳՆ-ի հետ՝ դա ապակայունացման ուղի է։ Նվաստացուցիչ է նման բան առաջարկել երկրին, որին պատերազմը պարտադրել են, եւ նա հաղթել է այդ պատերազմի գլխավոր ճակատամարտում։ Դա նման տարբերակը քննարկել համաձայնած իշխանությունների խայտառակությունն ու ողբերգությունն է։ Իշխանությունները միշտ մտածում են՝ համաձայնենք հանձնել, չէ՞ որ բանը դրան չի հասնի՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ հանգամանքներ կխանգարեն խոստումն իրականացնել»,- կարծում է Սաֆարյանը։
Այդ համատեքստում քաղաքագետը հիշեցրեց, որ ժամանակին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց նույնիսկ Հայաստանի համար այդ խայտառակ տարբերակից։ «Փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Հայաստանը համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնի։ Ալիեւն իր հասարակության համար շատ բարձր նշաձող է սահմանել»,- հավելեց Սաֆարյանը։




























