Apple-ի նոր սմարթֆոնի, հավանաբար iPhone 8-ի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին։ Այդ մասին հաղորդում է Mac4Ever պարբերականը, որը մասնագիտացել է ընկերությունների նորույթների մասին շշուկների վրա։

Ակնկալվում է, որ iPhone 8-ը կստանա 5,8 դյույմանոց OLED-էկրան եւ կլինի ընկերության ամենամեծ սմարթֆոնը։ IPhone 7 Plus-ն ունի 5,5 դյույմանոց էկրան։ Փորձագետների կարծիքով, էկրանը զբաղեցնելու է նոր սմարթֆոնի ամբողջ դիմային հատվածը՝ առանց կողերից բաժանարար գծերի։ Որպես ամենաուշագրավ նորույթ նշվում է Home կոճակի բացակայությունը, դրա գործառույթը կատարելու է «վիրտուալ» կոճակը։

iPhone 8-ի հիշողության վերաբերյալ շշուկները տարբեր են։ Չինական Geekbar պարբերականը պնդում է, որ մեկնարկային մոդելը կստանա 64 Գբ հիշողություն, իսկ ամենաթանկը՝ 512 Գբ, ինչը ռեկորդային է Apple-ի սմարթֆոնների համար։ Այլ աղբյուրներ նշում են 128 եւ 256 Գբ հիշողության մասին։

Աղբյուրների փոխանցմամբ, նոր սմարթֆոնը վաճառվելու է 1000-1100 դոլարով։