Հայաստանի Ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Արամ Քալանթարյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, կդառնար 80 տարեկան: Նա 30 տարի ղեկավարել է Դվինի հնագիտական հետազոտությունները, նրա արշավախմբերում են կոփվել հայ հնագետների մի քանի սերունդներ: Այսօր ընկերոջն ու ուսուցչին հիշելով՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Հուսիկ Մելքոնյանը նշում է, որ Արամ Քալանթարյանը շատ տեղերում է աշխատել, սակայն Դվինը նրա սրբատեղին էր։

«Նա Դվինով էր շնչում, Դվինը նրա սրբավայրերից մեկն էր, եթե չասենք՝ ամենագլխավորը»,- ասում է նա:

Արամ Քալանթարյանը Դվինի արշավախումբը ղեկավարել է 1977 թվականից 2009 թվականը: Սակայն Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքը սկսել է ուսումնասիրել շատ ավելի վաղ: Այս աշխատանքի արդյունքը դարձան բազմաթիվ հոդվածներն ու մենագրությունները, որոնցում վերաստեղծվել է ֆեոդալական քաղաքի ամբողջական պատկերը՝ իր կենցաղով ու արհեստներով, կատարվել է առանձին կառույցների թվագրությունը, ինչպես նաեւ ցույց է տրվել, թե քաղաքն ինչ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքում: Այս քաղաքին են նվիրված նրա թեկնածուական եւ դոկտորական թեզերը: 1996 թվականին Փարիզում ֆրանսերեն հրատարակվել է նրա «Dvin®» մենագրությունը:

Հուսիկ Մելքոնյանը հիշում է, որ Արամ Քալանթարյանը անընդհատ շարժման մեջ էր, հոգնելը նրան խորթ էր, պարապ վիճակներ եւս չէր սիրում: Դաշտից վերադառնալով՝ նա անմիջապես անցնում էր հոդվածներ գրելուն:

Երբ Քալանթարյանին հարցնում էին՝ սուրճ ցանկանո՞ւմ է, նա ասում էր. «Դուք կրկի՞ն այդ հիմար հարցը տվեցիք»: Այսինքն՝ սուրճը պետք է մշտապես նրա սեղանին լիներ, իսկ այդ մասին խոսելն ավելորդ էր:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Սարգսյանը նշում է, որ Արամ Քալանթարյանը տնտեսության եւ ֆինանսական հարցերից լավ էր հասկանում, եւ դա նրան շատ էր օգնում ինստիտուտը ղեկավարելիս: Քալանթարյանը ծագումով Սուխումիից էր (Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքից), նա կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում (1954-1959 թվականներ), սակայն ավարտելուց հետո դարձյալ Սուխումիիում է հայտնվել, որտեղ մեկ տարի վիճվարչությունում ավագ տնտեսագետ է աշխատել: Ինչպես է պատմաբանն այս պաշոտոնին հայտնվել, այսօր դժվար է ասել, սակայն այս պրակտիկան նրան շատ է օգնել ինստիտուտը ղեկավարելիս, կարծում է Գագիկ Սարգսյանը:

1986 թվականին Արամ Քալանթարյանը ղեկավարել է ինստիտուտի նոր բացված նորակառույցների բաժինը: Այս բաժինը կոչված էր այդ ժամանակ հայ ճարտարապետության մեջ առկա մեծ բացը լրացնելու, այն է՝ փրկելու շինարարական լայնածավալ աշխատանքների պատճառով վտանգված հուշարձանները։ Այս բաժնի աշխատանքի շնորհիվ փրկվել են հնագիտական այնպիսի հուշարձաններ, ինչպիսին են Շիրակավանը, Քուչակը, Քարաշամբը, Լճաշենը, Լոռի Բերդը, Վերին Նավերը, Ակոռին եւ այլն: Փրկված հուշարձանների շարքին է պատկանել նաեւ Սպիտակի քարայրային բնակատեղին, որը հայտնաբերվել է ճանապարհաշինության ժամանակ: Ցավոք, հուշարձանն այսօր փաստացի կործանված է 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով, հավելում է Գագիկ Սարգսյանը:

2001 թվականին Երեւանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված եւս մեկ եզակի հուշարձան է հայ ճարտարապետ Շաղիկի կառուցած 13-14-րդ դարերի մոնղոլական դամբարանը, որը գտնվում է Աբովյան 3 հասցեի շենքի տակ: Հնագետները հուշարձանն ուսումնասիրել են, թվագրել եւ նկարագրել, սակայն նրա հետագա ճակատագիրն առանձին պատմություն է:

Արամ Քալանթարյանը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ղեկավարել է Հայաստանի համար ծանր տարիներին՝ 1993-ից 2006 թվականներին: Այդ ժամանակ շատ ինստիտուտներ հայտնվեցին փակվելու եզրին, մեծ թվով գիտնականներ հեռացան: Ինչպես պատմում են գործընկերները, Արամ Քալանթարյանին ոչ միայն հաջողվեց հաստատության փլուզում թույլ չտալ, այլեւ նոր երիտասարդ մասնագետների գրավել: Ինստիտուտն այսօր աշխատում է եւ մեծ չափի գիտական արդյունքներ տալիս նաեւ այն բանի շնորհիվ, որ Արամ Քալանթարյանին հաջողվեց այն պահպանել, կարծում են նրանք:

Հուսիկ Մելքոնյանը նաեւ հիշում է, որ Արամ Քալանթարյանը հուշարձանների լավ զգացողություն ուներ, եւ երբեք բաց չէր թողնում ինչ-որ նոր բան հետազոտելու հնարավորությունը: Գործընկերների համար էլ ավելի զարմանալի էր, երբ նա մի հետախուզական արշավի ժամանակ իրեն մի փոքր տարօրինակ է պահել: Սակայն, ինչպես պարզվել է, Քալանթարյանը հետախուզության ելքը նախապես էր կանախատեսել: Կանչը «կեղծ» էր:

«Մեր գործընկերներից մեկից տեղեկություն ստացվեց, որ Իջեւանի շրջանում, հնարավոր է, հնագիտական հուշարձան կա: Մենք գնացինք մեր վիլիսով, իսկ ղեկին Արամ Քալանթարյանն էր: Նա եւ մեր տնօրենն էր, եւ միաժամանակ մեր վարորդը»,- ժպտալով հիշում է հնագետը:

Ինչ-որ վայրի հասան, հետո արդեն պետք է ոտքով լեռը բարձրանային, Քալանթարյանը մեքենայից չիջավ, ինչով սարսափելի զարմացրեց գործընկերներին: Մյուսները հաղթահարեցին ծանր վերելքը եւ մեծ ափսոսանքով հայտնաբերեցին, որ ուշադրության արժանի ոչ մի բան այնտեղ չկա: Հիասթափված, զայրացած ցած իջան, իսկ Արամ Քալանթարյանը նրանց մեքենայի մեջ էր սպասում՝ ծիծաղելով: Հարցին՝ ինչպես կարողացավ կանխատեսել, որ իրենց ձախողում է սպասում, Քալանթարյանը պարզապես հիշեցրեց, թե ով է հայտնել այս «հուշարձանի» մասին:

Արամ Քալանթարյանը կյանքից հեռացել է 2010 թվականի մարտի 26-ին: