ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությունն ուղղված է հայկական իրականության մեջ նոր օրակարգ մտցնելուն: Օգոստոսի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաագետ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Հոգլանդը իր հայտարարությամբ ցանկացել է  հայ հանրությանը շեղել իրական հրատապ խնդիրներից, ապա դա նրան հաջողվել է:

«Իսկ եթե նպատակն այն էր, որ ասի՝ Ամերիկայի Միացյալ նահանգները նույնպես մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Հոգլանդը կրկին հասել է իր նպատակին: Ի դեպ,  հայտարարությունը կատարվել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ»,- նշեց փորձագետը:

Քաղաքագետի կարծիքով՝ ամերիկացի նախկին համանախագահի հայտարարությունը կարելի է բնութագրել որպես «բավականին յուրահատուկ դիվանագիտական հնարք», որը բնորոշում է Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ հետագա քաղաքականությունը:

«ԱՄՆ նոր համանախագահը կգա արդեն ձեւակերպված մոտեցումներով եւ իր գործունեությունը կսկսի դրանց վրա հիմնվելով»,- պարզաբանեց Պողոսյանը: