Դեսպան Հոգլանդը վերահաստատել է տեւական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համախանախագահ Ռիչարդ Հոգլանդի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը։

«Այո, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է եւ վերահաստատել տեւական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որեւէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին՝ սա տեւական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014-ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տեւական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաեւ կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են»,–հայտարարել է Ռիչարդ Միլզը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում Հոգլանդի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններին՝ դեսպանն ասել է. «Որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, լրատվամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի հայտատարության, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարեւոր չէ, որեւէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, եւ սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները»։

Հիշեց նենք, որ նախօրեին Ռիչարդ Հոգլանդը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ կարգավորման բանձեւին՝ ներկայացրել էր վեց կետ,որի համաձայն  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է փոխհամաձայնեցված եւ իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ, պետք է ճանաչվեն փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքը, եւ վերջապես՝ ցանկացած պարագայում Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացվելու: