Էլինա Դանիելյանը, որը Թուրքիայում չկարողացավ նվաճել աշխարհի նոկաուտ մրցակարգով առաջնության երկրորդ շրջանի ուղեգիր, անհաջողությունից հետո հարցազրույց է տվել Chess-news պորտալին:

Նախապատրաստությո՞ւնն էր անհաջող ելույթի պատճառը:

Կարծում եմ` նախապատրաստությունը չէր էականը: Պարզապես, ամբողջ տարվա ընթացքում հոգնածություն էր կուտակվել: 2010-ը չափազանց ծանր ստացվեց: Շատ հարվածներ տարա. նույն Եվրոպայի առաջնությունը, Նալչիկում կայացած Գրան Պրիի փուլը: Ընտանիքում մեծ կորուստ ունեցա. կյանքից հեռացավ հայրը, դեռ երիտասարդ էր… Շուտով տարին կլրանա:Մի խոսքով, տարին ծանր ստացվեց, այդ պատճառով Թուրքիայում ունեցած անհաջողությունը թեթեւ եմ տանում:  

Թուրքիա ժամանած շախմատիստուհիների հոգնածությունն արդեն միտում է դառնում: Առաջնությունն անցկացվում է դեկտեմբերին, երբ արդեն բոլորը բազմաթիվ մրցաշարերից հետո հագեցած են:

Այո, նոկաուտ մրցակարգն էլ շատ կոշտ է: Այսպիսի մրցաշարում պետք է լինել շատ ավելի լավ հոգեբանական, քան զուտ շախմատային մարզավիճակում:

Ի՞նչ կասեք առաջնության կազմակերպման մասին:

Ցավոք, վատ է… Ես հաճախ եմ խաղում Թուրքիայում եւ գիտեմ, որ նրանք կարողանում են բարձր մակարդակի մրցաշար կազմակերպել: Աշխարհի առաջնությունը պետք է ամենաբարձր մակարդակով անցկացնեին, բայց հակառակը ստացվեց:

Ձեզ նույնպես հյուրանո՞ցը դուր չի եկել:   

130 եվրոյի սպասարկում չկա:

Ձեզ հետ եւ Լիլիթ Մկրտչյանի հետ մարզիչներից որեւէ մեկը եկե՞լ է Թուրքիա:

Ոչ, մենք մենակ ենք այստեղ:

Առաջիկայում ի՞նչ մրցաշարում կտեսնենք Ձեզ:

Հաջորդ տարի Գրան Պրիի եզրափակիչ փուլն է: Իսկ նախքան այդ Եվրոպայում մի քանի բաց մցաշարերի կմասնակցեմ: Բայց դեռ ոչինչ չեմ նախատեսել, ուզում եմ տանը` ընտանիքիս հետ լինել:

Իսկ որտե՞ղ եք այժմ ապրում:

Հայաստանում եւ Հոլանդիայում: Դժվար է, բայց հաջորդ տարվանից ավելի շատ Հոլանդիայում կլինեմ: