Այսօր Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնն է։ Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում ունեցած կարեւոր եւ նշանակալից տեղի ու դերի մասին:
Qahana.am-ի փոխանցմամբ, նա, որպես մայրության եւ առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձեւավորել է հայ օրիորդի, կնոջ եւ մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:
Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ եւ հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում:
Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում եւ գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի եւ տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երեւանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ:
Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է եւ այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը եւ եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաեւ այդ առարկաների միջոցով է արտահայտել:
Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:




























