Որսի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շոկի մեջ է գցել իր իտալացի գործընկեր Սիլվիո Բեռլուսկոնիին, նրան հասցնելով ուշաթափության:

Իտալական La Stampa թերթը` հղում անելով WikiLeaks-ին, գրում է, որ որսի ժամանակ Պուտինը աչքի պոչով նկատել է վազող եղնիկին եւ հանելով հրացանը, մեկ կրակոցով սպանել է նրան: Հանելով մեծ դանակը, նա բացել է եղնիկի կրծքավանդակը, հանել սիրտը եւ մեկնել այն հյուրին` որպես բարեկամության նշան:

«Պուտինը շատ տխրեց, երբ տեսավ, որ հյուրը սփրթնեց ու փլվեց, ինչպես Պոմպեյի պատերը»,- գրել է La Stampa-ն:

WikiLeaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գրառումներից պարզ է դառնում, որ Պուտինը ընտանիքի հետ հաճախ է լինում Բեռլուսկոնիի Սարդինիայում գտնվող վիլլայում: «Երկու վարչապետների անձնական հարաբերությունները Ռուսաստան-Իտալիա հարաբերությունների ամենաառանցքային տարրերից մեկն են»,- գրել է իտալական թերթը:

Վաշինգթոնը, ըստ հրապարակված փասաթղթերի դժգոհ է Պուտինի եւ Բեռլուսկոնիի  նման մտերիմ հարաբերություններից, քանի որ դա ազդում է Իտալիայի արտաքին եւ տնտեսական քաղաքականության վրա:

«Ռուսաստանն Իտալիայից ստանում է զգալի տնտեսական առավելություններ, մուտք դեպի Իտալիայի ենթակառուցվածքներ եւ տեխնոլոգիաներ, նրա գազի եւ նավթի կայուն շուկաներ եւ այլն: Փոխարենը Ռուսաստանն Իտալիային առաջարկում  է գազի մատակարարումներ եւ մուտք դեպի միջինասիական շուկաներ»,- հստակեցնում է La Stampa-ն: