Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր` դեկտեմբերի 6-ին բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել` ի հիշատակ ուղիղ 2 տարի առաջ ոստիկանի կողմից գնդակահարված 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսի:  Ակցիան խաղաղ չի անցել. Սինտագմա (Սահմանադրության) հրապարակում, խորհրդարանի շենքի առաջ քարերով հարձակվել են ոստիկանների վրա, հարակից փողոցներում կոտրել են խանութների ու բանկերի ցուցափեղկերը, նաեւ  քաղաքի կենտրոնական Պերիստերիի շրջանում քարկոծել են ոստիկանության բաժանմունքի ժենքը: Որոշ տվյալներով, ոստիկանների ուղղությամբ նետվել են նաեւ «մոլոտովի կոկտեյլներ», գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ներկա պահին Աթենքի կենտրոնում երիտասարդության եւ ոստիկանների բախումները դադարել են, իրավիճակը գտնվում է ոստիկանության հստողության ներքո: Ձերբակալվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ոստիկանության աշխատակից Էպամինոնդոս Կորկոնեասը, ով այդ չարաբաստիկ օրը գնդակահարել էի Գրիգորոպուլոսին, 2010-ի հոկտեմբերի 11-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Դեռահասի սպանությունը Հունաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածային անկարգությունների առիթ դարձավ, որոնք շարունակվեցին շուրջ 3 շաբաթ: Բողոքի ակցիաներն, ի վերջո, հանգեցրեցին կառավարության անկման` վարչապետ Կոստաս Կարամանլիսի գլխավորությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռահասի մայրն ազգությամբ հայ է եւ Հունաստանի հայ համայնքի ակտիվ մասնակից: