Հայ ոսկերիչները կարողացել են համաձայնության հասնել իրանական շուկա մատակարարումների հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ոսկերիչների միության նախագահ, «Երեւանի ոսկերչական գործարան-1» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը:
Անցյալ տարվա հոկտեմբերին ընկերությունը Թեհրանում մասնակցել է Armenia EXPO 2016 ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են մի քանի տասնյակ արտադրողներ:
Հայաստանի վարպետների ոսկե ձեռքերին չդիմակայեց նաեւ իրանական «երկաթե» շուկան, որն ամեն ձեւով պաշտպանում է տեղական արդյունաբերությունը (ըստ որում՝ իրանցի հայ ոսկերիչներին այնտեղ վաղուց են ճանաչում ու գնահատում):
«Մենք արդեն 1-2 գնորդի գտել ենք եւ նրանց հետ պայմանավորվել ենք: Իհարկե, իրանական շուկայում հայտնվելը հեշտ չէ: Ցանկացած ոսկերչական շուկա պահպանողական է, իսկ Իրանում՝ կրկնակի: Սակայն այսպիսի խոշոր երկրում աշխատելու առավելությունները պարզաբանելու կարիք չունեն: Ուստի արժի ջանալ»,- նշեց Գրիգորյանը:




























