Երեւանի քաղաքապետարանը քննարկում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը՝ մայրաքաղաքի որոշ փողոցներ վերանվանելու հետ կապված: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ընդամնեը երկու օր առաջ է փողոցներն անվանափոխելու վերաբերյալ իր առաջարկը ներկայացրել, դա քննարկման հարց է, պետք է նաեւ հանրային կարծիք լինի, նաեւ լինեն գիտական կարծիքներ, որովհետեւ այդ առաջարկների մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ նախկինում այդ փողոցները անվանափոխվել են, նորից նույն անուններով են վերանվանափոխվել: Մենք մեր պատմությունից պետք է չհրաժարվենք, բայց այն անունները, որ Ելք խմբակցությունը նշում է, բնականաբար, մենք կողմնակից ենք մեր ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչել»,-ասել է նա:

Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. «Սանկտ Պետերբուգի հետ համագործակցում ենք, քույր քաղաքներ ենք եւ չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցի անունը փոխել»: