Արցախը երբեք մուսավաթական Ադրբեջանի մաս չի կազմել եւ մուսավաթական Ադրբեջանի կազմում չի ներառվել, հետեւաբար այն չի կարող ժամանակակից Ադրբեջանի մաս կազմել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ երբ Խորհրդային Միության անկումն անխուսափելի ու ակնհայտ էր, Ադրբեջանական ԽՍՀ գերագերույն խորհուրդը 1991 թվականի օգոստոսի 30-ին արտահերթ նիստ գումարեց, որտեղ հայտարարեցին, որ Ադրբեջանը դուրս է գալիս ԽՍՀՄ-ի կազմից եւ վերականգնում է իր անկախությունը՝ դառնալով ոչ թե խորհրդային, այլ մուսավաթական Ադրբեջանի փոխանորդը։
«Դա նշանակում է, որ Ղարաբաղը եւ Նախիջեւանը չէին կարող գտնվել նրա կազմում, որովհետեւ 1918-1920 թվականներին այդ տարածքներն Ադրբեջանի կազմում չեն գտնվել»,-ընդգծեց Միանսյանը։
Բացի այդ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի խոսքով՝ Արցախի Հանրապետության անկախության իրավունքն ապահովող երկրորդ կարեւոր իրավաբանական փաստաթուղթը ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալ ցանկացող հանրապետության կազմից ինքնավար կազմավորումների դուրս գալու իրավունքն է։ Մինասյանը նշեց, որ տվյալ օրենքն ընդունվել է 1990 թվականի ապրիլի 3-ին եւ տվյալ պահին դրան պետք է հետեւի նաեւ Ադրբեջանը։
«Այլ կերպ ասած՝ իրավաբանական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակելու համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել»,-ամփոփեց պրոֆեսորը։




























