Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին Բեկչյանը կոչ է արել Պոլսո պարտրիարքի ընտրությունից առաջ թարմացնել քվեարկողների ցանկերը, որոնք երկար ժամանակ «չեն այժմեականացվել», հաղորդում է Պոլսո հայոց պատրիարքությունը:
«Մինչդեռ, ընտրությունների արդյունքները արդարացիությունն առնչվում է քվեարկողների թվի բազմացման եւ ընտրացուցակների այժմեականացման հետ:
Մեր հայրական թելադրանքն է, որ 85-րդ Պատրիարքի ընտրության պատրաստության այս շրջանում նկատի ունենալով համայնքի եւ եկեղեցու ապագան, անձնագրերով դիմել Ձեր բնակության թաղի եկեղեցին ու գրանցվել ընտրացանկում:
Երբ դու չկաս, մենք մեկով պակաս ենք»,-նշված է պատրիարքի փոխանորդի կոչում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք․Գարեքին Բեքչյանի ստորագրությամբ նախաձեռնող խմբի կողմից Ստամբուլի նահանգապետարան հանձնված դիմումում պատրիարքի ընտրության օր է առաջարկվել դեկտեմբերի 13-ը։ Դիմումում նշվել է, որ անհրաժեշտ է արդեն դեկտեմբերի 10-ին անցկացնել պատվիրակների ընտրությունը։
Ընտրության նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը նշել է, որ պատրիարքի տեղապահ արք․ Բեքչյանը բոլոր հավանական թեկնածուներին նամակ է գրելու, որից հետո թեկնածուները պետք է իրենց առաջադրման մասին տեղեկացնեն նախաձեռնող խմբին։ «Եթե թեկնածուների թիվը 5-ից շատ է, ապա կրոնական խորհուրդը ժողով է իրականացնելու եւ այդ թիվը իջեցնելու է 5-ի։ Իսկ եթե 5-ից քիչ է թեկնածուների թիվը, ապա որեւէ խնդիր չի լինում»,-ասել է Սեպուհ Ասլանգիլը։




























