IFA համաժողովի շրջանակում Acer ընկերությունը ներկայացրել է Predator Orion 9000 համակարգիչը, որի կաղապարում տեղաշարժման համար մի քանի անիվ է ներդրված, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով The Verge-ն։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Predator Orion 9000-ը ներկա դրությամբ ամենահզոր համակարգիչն է։ Այն ունի Intel Core i9 Extreme Edition 18 միջուկային պրոցեսոր, NVIDIA GeForce GTX 1080Ti երկու տեսքարտ եւ 128 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։
«Ես չգիտեմ՝ տեսագրությունում նկատեցի՞ք, բայց մենք դրա վրա իսկապես փոքրիկ անիվներ ենք տեղադրել։ Այսպիսով, այդ փոքրիկ համակարգիչը մենք մի փոքր շարժուն դարձրեցինք»,- հայտարարել է Acer-ի մարքեթինգի գծով տնօրեն Սթիվեն Ֆունքը։
Ընկերությունում չեն հայտնել Predator Orion 9000-ի հստակ արժեքն ու դրա վաճառքի մեկնարկի օրը։ Հայտնի է միայն, որ այն վաճառքում կլինի 2017 թվականի վերջին, իսկ գինը՝ 2000-3000 դոլարի սահմաններում։




























