Ադրբեջանը պատերազմ սկսելու համար կամք ու համարձակություն չունի, քանի որ Բաքուն վստահ չէ իր հաղթանակի հարցում։ Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ եթե Բաքուն թեկուզ մեկ վայրկյան վստահ լիներ իր հաղթանակի հարցում, անհապաղ պատերազմ կսկսեր։ «Ապրիլյան պատերազմը հետազոտություն էր՝ հայ ժողվորդի հնարավորություններն ու ոգին ստուգելու նպատակով։ Երկու դեպքում էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանը պարտվում է։ Բայց, այո, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ընդգծեց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորի հավաստմամբ՝ Նախիջեւանում ճակատ չի բացվի։ «Այդ պարագայում արդեն հայ-ադրբեջանական պատերազմ կսկսվի։ Եվ արդեն կգործեն միջազգային պարտավորվածությունները, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի գծով»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորը հավելեց, որ եթե Ադրբեջանը հարձակվի, Երեւանից 44 կմ հեռավորությամբ գտնվող Նախիջեւանն ազատագրելուց բացի՝ Հայաստանին ոչինչ չի մնա անելու։