Հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակմամբ թիմային ոգին կպահպանվի: Այս մասին օգոստոսի 31-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ այժմ արդեն ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին, Մարիա Զախարովան նշել է, որ դրանք նորություն չեն: «Դրանք բազմիցս վկայակոչել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց համատեղ հայտարարություններում, որոնք կատարվել են 2009-ից 2013 թվականների ժամանակահատվածում»,- նշել է նա:
Դրա հետ մեկտեղ, Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն ողջունում է նոր համանախագահի (Էնդրյու Շեֆերի – խմբ.) նշանակումը: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ թարմացված կազմով համանախագահները կշարունակեն իրենց ջանքերը՝ ուղղված հակամարտության կողմերին աջակցելուն եւ հույս ունենք, որ թիմային մոտեցումը, որը մշտապես եռյակին հատուկ էր, կպահպանվի»,- նշել է Մարիա Զախարովան:


























