Հանրային ռադիոյի պուրակում, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի աստղային ճեմուղին համալրվել է Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի 8 երախտավորների անուններով։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ռադիոյի եւ հեռուստատեսության երախտավորներ ու նրանց ընտանիքների անդամները, նաեւ այսօր Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատակիցներ:

Մասնավորապես, Հանրային ռադիոյի առջեւի պուրակի աստղային ճեմուղում ավելացել են ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի, Ստեփան Մարտիրոսյանի, Մելիք Մավիսակալյանի, Ռաֆայել Մանգասարյանի, Լեւոն Պարոնյանի, Կառլեն Վարժապետյանի, Արտաշես Քալանթարյանի անուններով:

Իր խոսքում, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը նշել է. «Մենք բոլորս, ոչ միայն ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակիցները, այլեւ հանրության մեծ մասը երախտապարտ ենք այս մարդկանց եւ նրանց հարազատներին այս բնագավառում իրենց ունեցած մեծ ավանդի եւ ներդրման համար»:

Երգչուհի Ռաիսա Մկրտչյանի համար այս միջոցառումն անակնկալ է եղել. «Սա նշանակում է, որ գնահատվել է այս տարիներին մեր կատարած աշխատանքը: 17 տարեկանում եմ մուտք գործել ռադիոյի շենք, եւ փոխվել է իմ ճակատագիրը: Ընտրվեցի նորաստեղծ էստրադային նվագախմբի մեներգչուհի, եւ դա դարձավ իմ կյանքի ու հոգու գործը: Երջանիկ եմ ու հրաշալի հուշեր ունեմ»:

Նրա խոսքով, երգիչը կարող է մեծ երգացանկ ունենալ, բայց մեկ-երկու երգը լավը լինեն. «Այժմ ազատ շուկա է, իսկ առաջ երաժշտական ստեղծագործություններն ընդրվում էին գեղարվեստական խորհրդի կողմից։ Խոսքը եւ բառերի, եւ երաժշտության, եւ գործիքավորման մասին է։ Հիմա ամեն մեկը տարբեր ստուդիաներում երգեր է ձայնագրում եւ մատուցում։ Ճիշտ ուղղորդում է անհրաժեշտ»,:

Իր հերթին Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանն ընդգծեց. «Չէի կարծում, որ ծառուղում իմ անունը եւս կհայտնվի, այսինքն՝ կարծում էի՝ դա ավելի ուշ կլիներ, բայց հիմա շատ շոյված եմ։ Ամենակարեւորն այն  է, որ մենք մարդուն գնահատում ենք նրա կենդանության օրոք, առաջ նման բան չկար։ «Գնա մեռի, արի սիրեմ» կարծրատիպը կարծես կոտրվում է»:

Նշենք, որ Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը պաշտոնապես բացվել է 2016 թվականին ռադիոյի միջազգային օրը` մայիսի 7-ին: Պուրակի բացմամբ տրվել է Հանրային ռադիոյի 90 եւ Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: