Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:

Պատերազմի կրակների եւ ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ եւ աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով եւ վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաեւ ժամանակակից է եւ ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության եւ այլ ասպարեզներում:

Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն:
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել եւ հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը:

Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է եւ ողջ հայությունը:

Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջեւ:

Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»: