ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը բացահայտել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության սուտը։
Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով օգոստոսի 31-ին ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտման մասին հայկական իշխանությունների հաղորդագրությունները՝ Անջեյ Կասպիրշիկը հաստատել է, որ Չինարի գյուղ ժամանած խմբի անդամները մինչեւ դիտարկումը սկսելը կրակոցների ձայներ են լսել։ Կարգի համաձայն՝ կողմերից անվտանգության երաշխիքներ են խնդրել։ Կողմերը երաշխիքներ տվել են, սակայն դիտարկումը սկսելուց հետո եւս երեք կրակոցներ են հնչել։
Կասպրշիկի խոսքով՝ առանց հետաքննություն անցկացնելու հնարավոր չէ ասել, թե ո՞ր կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։ Դրա հետ կապված՝ դեսպանը հիշեցրել է, որ խումբը հետաքննություն անցկացնելու մանդատ չունի։ Կասպրշիկը նշել է, որ հրադադարի ռեժիմն ու անվտանգության երաշխիքները խախտելու փաստը մտահոգության տեղիք է տալիս։ Միջադեպի մասին տեղեկացրել են ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիային։
Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումներն այն մասին, որ դիտարկման ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել։
Ի դեպ՝ սա Չինարի գյուղում միջազգային կառույցների ներկայացուցիչների ուղղությամբ կրակ բացելու առաջին դեպքը չէ։ 2014 թվականի օգոստոսին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող բարձունքներից գնդակոծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենան։ Գյուղը եւս պարբերաբար գնդակոծության է ենթարկվում։



























