Մեր այցի ընթացքում մենք հասկացանք, որ հայ ժողովուրդը ունի մեկ հայրենիք, որը բաժանված է 2 աշխարհագրական տարածքների. մեր հորդորը շատ պարզ է. հայ ժողովրդի եւ հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն եւ մենք հորդորում ենք միջազգային հանրությանը ճանաչել այդ փաստը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռաչել Հարդերը, հաղորդում է «Արցախպրես»-ը:

«Մենք այստեղ ենք երկու հիմնական պատճառներով. առաջինն Արցախի եւ Հայաստանի պաշտոնյաների եւ զինվորականների, պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպելն է: Իսկ երկրորդը՝ պատերազմի իրական պատկերը տեսնելը, հասկանալը եւ լսելը տեղի մարդկանց կարծիքները, ովքեր անցել են այդ ամենի միջով եւ այսօր միմիայն խաղաղություն են ցանկանում: Հայ ժողովուրդը շատ բարի, հյուրասեր եւ մարդամոտ ժողովուրդ է, որը պայքարում է իր օրինական իրավունքների համար»,-ընդգծել է Հարդերը:

Իր հերթին, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենտն էլ իր խոսքում նշել է, որ Արցախում հանդիպել են նաեւ այն ծնողների հետ, ովքեր հարազատներ են կորցրել 2 հակամարտությունների ժամանակ. «Մենք ունեցել ենք վկայություններ նաեւ քաղաքացիների սպանությունների վերաբերյալ, այն սահմռկեցուցիչ տեսարանների մասին, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ: Որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ՝ գտնում եմ, որ միշտ էլ հույս կա:

Ինչ վերաբերում է մեր այս այցի շուրջ Ադրբեջանում տեղ գտած արձագանքներին, ապա դրանք սպառնալիքներ են մեր հասցեին: Ես այստեղ եմ փնտրելու ճշմարտությունը մարդասիրական առաքելության շրջանակներում: Եթե Ադրբեջանն իմ հանդեպ է թշնամաբար տրամադրված, ապա կարող եմ պատկերացնել, թե ինչպես են վերաբերվում իրենց հարեւաններին: Այս առումով չեմ դատապարտում Ադրբեջանի ժողովրդին, այլ միայն մաղթում եմ խաղաղություն, եւ սա այն վերաբերմունքն է, որ մենք ունենք Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Թոնի Քլեմենտը:

Նշենք, որ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության պատվիրակությունը փաստահավաք առաքելության ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի եւ Հայաստանի պաշտոնյաների, Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ համայնքների բնակիչների հետ: Կազմակերպությունը իր զեկույցը կներկայացնի Կանադայում, ԱՄՆ կոնգրեսում, Եվրախորհրդարանում: